Ադելա քույր
Վկայություններ

ԱԴԵԼԱ ՔՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ. ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ

Ծնվել եմ Քաջարանում, հայի ընտանիքում, բայց ոչ՝ քրիստոնյա: Երկու տարեկան էի, երբ ընտանիքով տեղափոխվեցինք Երեւան: Շատ լավ ծնողներ ունեմ, ստացել եմ լավ դաստիարակություն, բայց ոչ՝ քրիստոնեական:

1980 թվին ամուսնացա: Ամուսնուս ընտանիքը քրիստոնյա էր եւ ինձ միշտ ասում էին, թե թուրք ենք, որովհետեւ մկրտված չէինք: Ասում էին, թե ես Աստված չունեմ: Ես էլ պատասխանում էի. «Ի՜նչ Աստված, եթե մարդը խիղճ ունի, ուրեմն Աստված ունի»...

Անցան տարիներ: Սկսվեցին մեր ընտանիքի դժվարությունները: Ապրում էինք վարձով: Ամուսինս հիվանդացավ պոլիարտրիտ հիվանդությամբ եւ մեկ ու կես տարի չէր կարողանում աշխատել: Միակ աշխատողը ես էի, սակայն իմ վաստակը մի կերպ բավարարում էր տան վարձին եւ մի փոքր էլ՝ ուտելուն: Ծնողներս շատ էին օգնում: Ահա այդ նեղությունների մեջ էինք, ապրուստ չունեինք, երբ ես կրկին հղիացա: Սա արդեն երկրորդ զավակն էր լինելու, որոշեցի գնամ-ընդհատեմ հղիությունը: Այդպես էլ վարվեցի: Գնացի բժշկի, հակառակ այն բանին, որ այդ ամբողջ ընթացքում մի ուժ կարծես չէր թողնում, բարձրացա հատուկ բազկաթոռին... եւ... շատ անսպասելի ու կտրուկ ցած իջա. «Ես պետք է լույս աշխարհ բերեմ այդ երեխային, - ասացի»:

Մեր ընտանեկան պայմանները գնալով ավելի էին վատթարանում, ընդհուպ մինչեւ այն աստիճան, որ վեճերը չէին դադարում: Մի օր ամուսնուս ասացի. «Ո՞ւր է ձեր աստվածը, թող գա ու մեզ օգնի, տուն տա»: Հենց այդ նույն գիշերը ես երազ տեսա. գնացել էի կառավարական շենք՝ Կոմկուսի գլխավոր քարտուղար Դեմիրճյանից տուն խնդրելու: Այնտեղ մի տնակ կար, մի ծեր կին էր նստած: Ասացի. «Եկել եմ Դեմիրճյանից տուն խնդրելու»: Այդ կինն ասաց. «Դեմիրճյանն ով է, որ նրանից տուն խնդրես, հրե՛ն, այն մարդուց խնդրիր»: Ես նայեցի վերեւ եւ տեսա մի մարդ՝ պատռված շորերով, ոտաբոբիկ, առանց սափրվելու, մտքումս ասացի, թե այս մարդն ինձ ինչպես կարող է օգնել, բայց քանի որ այդ կինն ինձ ասել էր, որոշեցի գնալ:

Ես աստիճաններով բարձրանում էի վեր՝ դեպ իրեն, իսկ նա ինձանից փախչում էր: Շատ էի զարմացել, թե ինչու է ինձանից փախչում: Երբ հասա աստիճանների վերջին, տեսա, որ մի առու է հոսում: Ես այդ մարդուն ասացի, որ չեմ կարող այդ առուն անցնել: Նա ինձ գրկեց, եւ մենք առուն անցանք: Ապա գրպանից հանեց սպիտակ մի կտրոն եւ ասաց. «Այս երկու հարյուր ռուբլի չեկը վերցրու եւ երկու տարի յոլա գնա, հետո քեզ տուն կտամ: Բայց մինչեւ ապրիլի վերջ կգաս ինձ մոտ»:

Ես վախից արթնացա եւ երազս պատմեցի ամուսնուս: Նա ասաց, որ սուրբ եմ տեսել:

Առավոտյան վեր կացանք գնացինք սկեսուրենցս տուն: Նրանք մի հավատացյալ հարեւան ունեին, որը հաճախում էր Եկեղեցասիրաց եղբայրակցություն: Նրան պատմեցինք իմ երազը, եւ նա իմ առաջ նկարներ փռեց: Ես դրանց մեջ տեսա իմ երազի սրբին. դա Գրիգոր Նարեկացին էր: Ես այդ հարեւանին հարցրի, թե այդ սուրբն ինչու էր ինձասնից փախչում-վախենում: Նա պատասխանեց, որ մկրտված չլինելուս պատճառով: Ապա մի թղթի վրա գրեց ինը երանելիները, «Հայր մեր»-ը եւ «Վայեր»-ը ու տվեց իմ ձեռքը:

Լրացավ իմ հղիության յոթերորդ ամիսը, եւ ես արձակուրդ գնալուց ստացա երկու հարյուր ռուբլի գումար... իսկույն հիշեցի իմ երազը... Իմ մեջ փնտրտուք էր սկսվել: Մտել էինք Զատկի քառասնօրյա պահքի շրջանը, եւ ես որոշեցի սկեսուրիս հետ պահք պահել եւ պահեցի ու շատ էի ցանկանում հաղորդություն ստանալ: Սակայն հաղորդություն ստանալուց առաջ, երբ իմացան, որ մկրտված չեմ, ինձ չթողեցին մոտենամ եւ հաղորդվեմ:

Որոշ ժամանակ անց ծնվեց երկրորդ տղաս: Սակայն երեք ամսական էր, երբ ծանր վարակ տարավ եւ մահամերձ վիճակում նրան տարանք հիվանդանոց: Պահն օրհասական էր: Ժամ առ ժամ բժիշկները սպասում էին, որ զավակս կմեռնի, հույս չէին տալիս: Հենց հիվանդանոցի միջանցքում ծնկի գալով աղաղակեցի Աստծուն. «Տե՜ր, եթե դու կաս, կենդանացրո՜ւ երեխայիս»: Երբ ոտքի ելա, բոլոր մազերս ճերմակել էին: Կողքի սենյակից բժշկի հեռախոսազանգն եմ լսում. «Դիմում էր գրել մեր հիվանդը, բայց դե չթողեցի»...

Զավակիս սրտից սրսկել էին, եւ նա կենդանացել էր:

Տղաս արդեն մեկ տարեկան էր, երբ մի օր կարծես ներսից մի ձայն ինձ շարունակ ասեր, թե վերցրու երկու երեխաներիդ, գնա եկեղեցի ու մկրտվեք:

Առավոտյան ամուսնուս ասացի. «Գնանք մեր տանտիրոջը խնդրենք, որ մեզ կնքահայր դառնա եւ մկրտվենք»: Տանտերը չմերժեց:

Դա մի սքանչելի օր էր: Եկեղեցում տոն էր՝ Կանաչ կիրակի: 1986 թվականն էր:

Երազս տեսնելուց անցավ երկու տարի, եւ մեզ Աստված տուն տվեց՝ ճիշտ երկու տարի հետո:

Չգիտեի, որ Աստծո մատը խառն է իմ կյանքում, իմ ընտանիքի մեջ: Անցա նոր աշխատանքի: Աշխատում էի մանկապարտեզում:

Մի օր Նարինե անունով մի աղջիկ ինձ հայտնեց, որ 3-րդ մասում բացվել է դպրոց, որտեղ «Մանուկների Աստվածաշունչ» եւ խաղալիքներ են նվեր տալիս:

Ես մանրամասնորեն տեղեկացա եւ այդ կիրակի երեխաներիս տարա կիրակնօրյա դպրոց: Ինձ սկզբում շատ էին ուրախացրել նվերները: Ապա տեսնում էի, որ ամեն անգամ մի նոր բան են սովորում երեխաներս, եւ այդպես ամիսներ շարունակ նրանց տանում էի, սպասում մինչեւ պարապմունքները կավարտվեին, եւ միասին տուն էինք գալիս: Մի օր ներսիցս մի ձայն ասաց. «Այս ժողովրդի հոսքի հետ դու էլ գնա, ուր որ կգնան»:

Ես հետեւից մարդկանց. գնացինք Պիոներ-պալատ: Ուրախացա. կարծում էի, թե կամ ներկայացում է լինելու կամ էլ որեւէ կինոդիտում: Գնացի առաջին շարքում նստեցի: Մի տատիկ ուսիս խփեց եւ ասաց. «Աղջի՛կ ջան, առաջին երեք շարքերում տղամարդիկ են նստում»: Ես ամոթից փախա վերջ, որ ոչ մեկն ինձ չտեսնի: Հավաքված մարդիկ սկսեցին երգել. զգացի, որ մի հանդարտ ու խաղաղ տեղ եմ եկել: Չէի ուզում դուրս գալ այդ սրահից:

1990 թվի մարտի 30-ին, երբ քարոզ լսելու էի եկել, մեկ էլ մի ձայն ասաց. «Դու մեղավոր ես, դարձի՛ արի ու պիտի փրկվես, եւ Խաղաղության Իշխանը քեզ խաղաղություն կտա»: Ես վազեցի դեպի բեմ, ծունկի եկա եւ աղոթք արեցինք.

«Տե՜ր, ներիր իմ մեղքերը»: Ես կրկնեցի... աչքերիցս հորդառատ արցունք էր հոսում: Երբ ոտքի կանգնեցի, ոտքերս կարծես գետնին կպած չլինեին՝ ես օդով էի քայլում... ուրախ էի, հոգիս ճախրում էր...

Եվ իրոք, իմ անխաղաղ սրտին Աստված խաղաղություն տվեց եւ անսեր սրտիս՝ սեր: Ահա այդ ժամանակ ես ճաշակեցի Աստծո ուրախությունը եւ հասկացա, որ այդ դժվար տարիներն ինձ տրվեցին այն բանի համար, որ իմ Փրկչի անունը կանչեմ եւ ինչ հոգս որ ունենամ, դնեմ Նրա ուսերին, Նա պիտի ինձ հանգստացնի:

Փա՜ռք ամենակարող, ներող, սիրող եւ գթացող Աստծուն, որ համբերեց իմ նման մեղավորին եւ ինձ իր որդին արեց ու Երկնքի ժառանգորդ:

Փա՜ռք Աստծուն: Ամեն

Ադել քույր Հակոբյան

 

Համլետ Զաքարյան,- Հետագայում Ադելա քույրը դարձավ Եկեղեցասիրաց Եղբայրակցության հիմնական վկայող եւ աղոթող անդամներից մեկը: Նրա ջանքերով Երեւանում երկու նոր աղոթքի խմբեր ձեւավորվեցին եւ բացվեց մի աղոթատեղ, ուր մեծ մասը նորադարձներ էին, ովքեր մինչ այդ եղել էին «Եհովայի Վկաներ»-ի հետեւորդներ: Նա Հայ Առաքելական Եկեղեցու Եկեղեցասիրաց Եղբայրակցության Ներկայացուցչական Խորհրդի անդամ դարձավ եւ որոշ ժամանակ անց ընտրվեց Եկեղեցասիրացի Հոգեւոր Վարչության անդամ: Վեց տարի հետո ինքնակամ հրաժարվեց Վարչության անդամությունից` լծվելով միայն աղոթքին եւ հարատեւ վկայությանը: Քրիստոսով սիրեցյալ Ադելա քույրը Մեր մեծ Աստծուց պարգեւ ուներ հիվանդներին այցելելու, խնամելու ու Տիրոջ փառքն ու մեծամեծ գործերը վկայելու:

2011 թվականի մայիսի 10-ին նա ուղեկցել էր քահանային Ս. Հաղորդություն տալու բավականին ժամանակ հիվանդ պառկած մեր Եղբայրակցության անդամերից մեկին` Գոհար քրոջը; Որից հետո փողոցն անցնելիս վթարի ենթարկվելով ի Քրիստոս ՆՆՋԵԼ էր: Վշտանալով հանդերձ մեր շատ սիրելի ու հոգեհարազատ քրոջ մահով, վստահ ենք նաեւ, որ նա համալրում է մեզ համար բարեխոսող Հին եւ Նոր սրբերի դասը:

Իսկ առօրյայում մեր քույրը
կենսախինդ է. մեր բոլորի
ուրախությունն էր

Ադելա քույրը (ձախից) Եղբայրակցության Առաջին
Ավետարանչական դպրոցում-Ս. Գիրքը Սերտելիս
2002թ. Նոյեմբեր

 

Հրավիրում ենք ամենայն հավատացելոց՝ արանց եւ կանանց,
ծերոց եւ տղայոց, ամենայն չափի հասակի հավատացելոց

Հայ Առաքելական Եկեղեցու Եկեղեցասիրաց Եղբայրակցության Հավաքները Երեւանում

 

Չորեքշաբթի ժ.16-ին: Կիրակի ժ. 15-ին

"Շողակաթ" հեռուստաընկերություն (նախկին "Նաիրիտ" մշակույթի կենտրոն)

Գարեգին Նժդեհի հրապարակի մոտ