Հոգեշնորհ Տեր Գրիգոր Վարդապետ Ոսկերիչյան (1845-1895)

ԱՌԱՋԻՆ ՆԱՀԱՏԱԿԸ

Նախակրթությունը ստացել էր Եարփուզի գյուղի վարժարանում, հետո շատ էր զբաղվել ինքնազարգացմամբ: Չնայած բարձրագույն կրթություն չուներ, սակայն կրոնական նյութերի շուրջ խոսելու հմտություն ուներ, անսպառ եռանդ եւ լի էր ներշնչմամբ. ձայնը շատ քաղցր էր եւ խոսում էր շատ վարժ եւ հմուտ: Քարոզում էր ժողովրդական սահուն թրքերենով:

Ապաշխարության առաջնորդող իր կոչերը շատ սրտաբուխ էին, ուստի ժողովուրդը մեծ բազմությամբ հավաքվում էին իր քարոզները լսելու: Տղայության ժամանակ, 1895 ջարդեն առաջ Մարաշի Ս. Կարապետ եկեղեցում լսել եմ նրան, ուր ինքը մնում էր որպես հյուր հովիվ:

Իր քարոզների պատճառով շատերն իրենց մոլություններից հրաժարվում էին, անիրավությունները` դարմանվում, գժտությունները վերցվում (Գր. Հ. Գալուստյան):

1895 թվի ջարդի ժամանակ իր ծննդավայրում՝ Յարփուզում, Գրիգոր վարդապետ Ոսկերիչյանը սրախողխող սպանվում է թուրք խուժանի կողմից:

Հարկ է հիշել, որ Յարփուզը կես թուրք, կես հայ բնակչություն ուներ:

Երբ դարձի եկա եւ սկսեցի կանոնավոր հաճախել Եկեղեցասիրացի հավաքույթներին, որոնք տեղի էին ունենում ամեն երկուշաբթի ու չորեքշաբթի ժամը 18-ին, իսկ կիրակի օրը ս. Պատարագից հետո ժամը 15-ին, Եկեղեցասիրացի ավագ եղբայրները՝ Ասատուր եղբայր Դարբինյանը եւ Խաչեր եղբայր Գուզուբաշյանը ցույց էին տալիս Հայ Եկեղեցասիրաց Եղբայրակցության ուխտն ու նպատակը եւ Հիմնադիրների նկարները, իսկ իրենք նախ պատմում էին Գրիգոր վարդապետի մահվան մասին.
Հագուրդ տալով իրենց «հաղթական» զգացմունքներին Վարդապետին բռնողները ուզում են իրենց զոհի վերջին խնդրանքն էլ կատարել: Պարաններով կապկպված Սուրբը խնդրում է թույլ տալ իրեն ծունկի գալ եւ աղոթել. աղոթքի հենց այդ դիրքում էլ սրախողխող են անում (Հ.Զ., հուշեր):

1896 թվին ձերբակալությունները սիստեմատիկ բնույթ են սկսում կրել: Շարժումը մեծ թափ է առնում Հաճընում, ուր Սիրո ընկերության հետեւորդները մեծ թիվ են կազմում: Գրիգոր վարդապետ Ոսկերիչյանի մարտիրոսությունից հետո կարծես ժողովուրդը մի տարօրինակ արթնություն է ունենում, որը շատ է զարմացնում համապատասխան մարմիններին: Այդ տարում է հենց Սիրո ընկերության ղեկավարներից երեք հոգի կառավարության կողմից ձերբակալվում եւ Աքեայի բերդն են աքսորվում: Այս դեպքը անջնջելի տպավորություն է թողնում ժողովրդի վրա: Բանտարկվել էին հաճընցի Տիկին Սառա Գըթըֆյանը, Մելտոն Մալյանը եւ Սարգիս Պաշյանը: Նրանք բերդում արգելափակված մնացին երեք տարի, որից հետո ազատ արձակվելով վերադարձան Հաճըն: Հետաքրքիր մանրամասնություն է շեշտում «Հաճըն» գրքի հեղինակը.

Աքսորի պահին բանտի մեջ Տիկին Գըթըֆյան մի զավակ է ունենում ու նրա անունը դնում «Վշտունի»:

Կարծես թե առաքյալների օրերի նման է ամեն բան: Եվ նման է եւ շատ բան տարբեր է …

 

Հրավիրում ենք ամենայն հավատացելոց՝ արանց եւ կանանց,
ծերոց եւ տղայոց, ամենայն չափի հասակի հավատացելոց

Հայ Առաքելական Եկեղեցու Եկեղեցասիրաց Եղբայրակցության Հավաքները Երեւանում

 

Չորեքշաբթի ժ.16-ին: Կիրակի ժ. 15-ին

"Շողակաթ" հեռուստաընկերություն (նախկին "Նաիրիտ" մշակույթի կենտրոն)

Գարեգին Նժդեհի հրապարակի մոտ