ԱՍՏՎԱԾԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ + ՍՊՈՐՏ
Սպորտ

Մարդիկ իրենց գործունեությունը ծավալում են տարբեր ոլորտներում՝ տնտեսական, մշակութային, գրական, երաժշտական, գիտական, ռազմական, սպորտային եւ այլն։ Ուստի, կախված գործունեության ոլորտից, մարդը դրան մասնակից Է լինում թե հոգով, թե մտքով եւ թե մարմնով։ Հատկանշական Է, որ Աստծո Խոսքն ասում Է. «Աշխարհի ստեղծագործությունից առաջ գոյություն ուներ Բանը (Հիսուս Քրիստոսը), եւ Բանն Աստծո մոտ էր, եւ Բանն Աստված էր։ Նա սկզբից Աստծո մոտ էր։ Ամեն ինչ Նրանով եղավ, եւ առանց Նրա չեղավ ոչինչ, ինչ որ եղել է: Կյանքը Նրանով սկիզբ առավ» (Հովհ. 1.1-4):

Ո՛վ մարդ, ով Էլ որ լինես, որտեղ Էլ որ լինես, իմացի՛ր, որ Աստված քեզ սիրում Է, որովհետեւ Նա Խաչի վրա քեզ համար Իր սուրբ արյունը հեղեց եւ այսօր պատրաստ Է օգնել քեզ համար պատրաստված արքայությունը ժառանգելու։

Անցնելով առաջ` շեշտը դնենք սպորտային ոլորտի վրա:

Նախնի ժամանակներից սկսած մինչեւ մեր օրերը սպորտն իր նշանակությունն ու օգտակարությունն Է ունեցել, եւ, անկախ տարիքից, սեռից, շատերը զբաղվել են սպորտով` մարմնամարզությամբ: Սպորտն այսօր աշխարհում, կարծես թե հանդիսանում Է յուրօրինակ «միջազգային լեզու», ուստի շատ խոշոր եւ առաջնակարգ պետություններ մեծ տեղ եւ կարեւորություն են տալիս սպորտին:

Սպորտով զբաղվող մարդկանց կարելի Է բաժանել երկու հիմնական խմբերի` պրոֆեսիոնալ եւ սիրողական:

Առաջին խմբին պատկանող մարդիկ իրենց կյանքի զգալի մասը ներդնում են սպորտում, որը եւ հանդիսանում Է նրանց կյանքի առանցքային մասը: Այսպիսի մարդկանց մեծագույն նպատակը սպորտային հաղթանակներն ու նվաճումներն են:

Երկրորդ խմբին պատկանող մարդիկ զբաղվում են սպորտով պարզապես անուն վաստակելու համար, մի մասը փոքր - ինչ ինքնապաշտպանության ձեւեր սովորելու համար, ոմանք` մարդկանց հետ հաշվեհարդար տեսնելու, մյուս մասը` մարմինը կոփելու, առողջ լինելու համար, եւ այլն: Սա վերաբերում Է ոչ միայն արեւելյան մարզաձեւերին, այլեւ Օլիմպիական տարածված մարզաձեւերի դասին պատկանող մարզիկներին եւ մարզիչներին: Սպորտով զբաղվող մարդկանց համար ներքին մղումները բազմազան են, հետեւաբար, տարբեր կլինեն նաեւ, առաջ բերած արդյունքները:

Շատերի կարծիքով սպորտը քրիստոնյայի համար արգելված մի ոլորտ Է, որը «մեղք» Է համարվում: Մտահոգված արդիական դարձած այս հարցով մենք որոշեցինք մանրամասն քննարկմամբ ձեզ ներկայացնել վերը նշված խնդրի մի քանի կողմեր:

Մինչ բուն թեմային անցնելը, նշենք, որ մեջբերումները պետք Է կատարենք Սուրբ Գրքից: Ինչու՞, որովհետեւ այն Աստծո Խոսքն Է, եւ գրվածքները լոկ ճշմարտություն են, իսկ պատվիրանները տարածվում են բոլոր ոլորտներում գտնվող մարդկանց վրա` անկախ նրանց կամքից:

Աստվածաշունչն ասում է. «Որովհետեւ եթե մարմնի մարզանքները որոշ բաների են օգտակար, աստվածպաշտությունն օգտակար է ամեն բանի, քանի որ խոստանում է կյանք տալ` թե՛ այս աշխարհի եւ թե՛ հանդերձյալի մեջ» (Ա Տիմ. 4.8)։

Պողոս սրբազան առաքյալը, գրելով իր ուղերձը, այստեղ մատնանշում է «մարմնի մարզման» եւ «հոգու մարզման» օգտակարությունները՝ շեշտը դնելով աստվածապաշտության (Աստծուն պաշտոն մատուցելը) վրա, բայց միեւնույն ժամանակ չանտեսելով մարմնի մարզումը (որոշ բաների է օգտակար...):

Եթե սպորտը, այսինքն մարմնի մարզումը, այդքան անթույլատրելի եւ վատ օրինակ լիներ, ապա առաքյալի մյուս ուղերձի մեջ մեզ չէր հորդորի եւ համեմատի այն մարզիկի հետ, որը պետք է վազեր իր առջեւ եղած մրցասպարեզը` հասնելու իր համար պատրաստված հաղթանակած պսակին։ Այդ մասին տեսեք, թե ինչ է ասում առաքյալը. «Նույնպես էլ, որեւէ մարզիկ մրցանակին չի կարող տիրանալ, եթե դրված կանոնների համաձայն չմրցի» (Բ Տիմ. 2.5):

Իրապես, մարզիկներն ունեն մարդկային կամք` իրենց առջեւ նպատակ դնելու եւ ջանք այն իրականացնելու` հասնելով հաղթանակի:

Սպորտն ինքնին մեղք չէ, եթե մարդը ճիչտ մոտեցում Է ցուցաբերում եւ այն գործածում անհրաժեշտության դեպքում, այսինքն այստեղ կարեւոր Է մարդ- անհատը` իր ներքին շարժառիթներով եւ Արարչի հանդեպ ունեցած իր դիրքով։

Այո՛, այսօր կան որոշ «մարզաձեւեր», որոնք իրենց մեջ չեն պարունակում բարոյական եւ հոգեւոր արժեքներ, ու հիմնվելով զուտ ֆիզիկական ուժի զարգացման վրա, արտահայտելով իրենց ագրեսիվ Էմոցիաները, փորձում են հաճեցնել թե իրենց եւ թե շրջապատի մարդկանց մեղավոր կրքերը: Խիստ ասած` այս տեսակ «մարզաձեւերի» մեջ «հոգի» չկա, ու հետեւաբար, նման ձեւով մարմնի մարզումը շրջապատի համար վերածվում Է չարիքի, որը անընդունելի Է Տիրոջ առջեւ եւ նման մարդիկ արդեն իսկ պարտված են...

Սուրբ Գրքից բերենք մի քանի օրինակ, երբ մարդը քայլում Է Տիրոջն ապավինած, այդժամ նա ուժեղ Է թե հոգով եւ թե մարմնով, այսինքն մարդը կարող Է հարկ եղած դեպքում, Աստծո կամքով, ի վերուստ ստանալ համապատասխան ֆիզիկական ուժ եւ զորություն չարին հաղթելու համար, իսկ երբ անտեսում Է հոգեւոր օրենքը, մերժում Է Տիրոջ ձրի շնորհը, ապա նրա համար մարմնավոր ուժն ու մարմնի կոփումը դառնում են անիմաստ եւ անօգուտ:

Դավիթ անունով մի պատանի, որը հետագայում դարձավ Իսրայելի թագավորը, դուրս Էր եկել պատերազմելու մի անգութ փղշտացու դեմ, որի անունն Էր Գողիաթ: Եվ այս Գողիաթը, որը աժդահա մի տղամարդ Էր ու ֆիզիկապես ուժեղ, պարտություն կրեց այս փոքրիկ պատանուց: Դավիթն իր պարսատիկի մեջ մի քար դնելով` հարվածեց այդ հսկայի ճակատին, որը երեսնիվայր գետին ընկնելով` անշնչացավ (Ա Թագավ. 17.40-54)։

Դեռ Գողիաթի պատերազմից առաջ Դավիթն ասել Էր. «Ես առյուծ էլ եմ մեռցրել, արջ էլ եւ այս փղչտացուն էլ դրանցից մեկի պես պիտի անեմ...Առյուծի ու արջի ձեռքից ինձ ազատող Տերը այս փղշտացու ձեռքից էլ պիտի ազատի» (Ա Թագավ. 17.36-37):

Դավիթը հաղթեց, որովհետեւ նա թշնամու դեմ դուրս էր եկել զորության Տիրոջ անունով` չհենվելով պարսատիկի զորության կամ իր ֆիզիկական ուժի վրա, իսկ Գողիաթը, չնայած իր հզոր ուժին, պարտվեց, որովհետեւ չէր ճանաչում միակ եւ ճչմարիտ Աստծուն, այլ պաշտում էր փուչ աստվածների։ Մենք էլ, հետեւելով Դավթի օրինակին, միշտ առավելությունը տանք Աստծուն, խոնարհվենք եւ ապավինենք նրան՝ չհենվելով փուչ զորությունների եւ մեր ուժի վրա:

Հաջորդ օրինակը Դատավորաց գրքից է.

Մի մանուկ ծնվեց, որի անունը Սամսոն էր։ Նա բացի իր մարդկային ուժից, Տիրոջ կողմից օժտված էր ահռելի ուժով։ Երբ Աստծո Հոգին նրա վրա էր գալիս, նա առյուծին պատռում է ինչպես մի ուլի։ Սակայն հետագայում նա մոռանալով Տիրոջ կողմից ստացած շնորհը, խաբվելով, սրտի մեջ եղածը պատմեց իր իսկ թշնամուն` բացահայտելով իր մեծ զորության գաղտնիքը եւ պարտություն կրեց. (Դատավ. 13-16 գլուխներ)»:

Այս բոլոր պարտությունների արմատը մեղքն էր` Աստծո կամքին չհնայզանդվելը: Իսկ Աստծո խոսքն ավելացնում է. «Մեղքի վարձը մահն է» (Հռոմ. 6.23)։ Հիշենք եւս մեկ օրինակ. Հայաստան. 301 թվական: Երբ սրբուհի կույս Հռիփսիմեն Հռոմից փախչելով եկավ Հայոց երկիր, նա դեռ 16 տարեկան էր: Տրդատ արքան որոշեց Հռիփսիմեին կնության առնել եւ ստիպողաբար բերեց նրան թագավորական պալատ: Երբ Տրդատը մտավ սենյակ կույսի մոտ կատարելու իր ցանկությունը, Հռիփսիմեն, Քրիստոսից զորություն ստանալով, մարտնչեց հսկայամարմին արքայի հետ` հաղթելով նրան, մի մարդու, որն իր ուժով հռչակվել Էր Հունաստանի Օլիմպիական խաղերում, ինչպես նաեւ Հռոմոում, Հայաստանում եւ Պարսիկների դեմ մղած պատերազմների ժամանակ։

Ավելացնենք նաեւ. եթե Տիրոջ պատվիրանների մեջ քայլենք, ապա Աստված` մեր Տեր Հիսուս Քրիստոսը, անհրաժեշտ պահին կարող Է իր կամքի համեմատ մեզ զորացնել թե՛ հոգեպես եւ թե՛ ֆիզիկապես: Հարկ Է ավելացնել նաեւ, որ մեր մարմինը, որ Աստծո տաճարն Է, պետք Է մաքուր պահենք մեղքից, ինչպես նաեւ արտաքին անմաքրություններից, ինչպիսիք են ծխախոտը եւ ալկոհոլային խմիչքները, թմրադեղերը, նաեւ մարմնի վրա տարբեր տեսակի դաջվածքային պատկերները (ի դեպ վերջինս լայն տարածում Է գտել թե՛ աղջիկների եւ թե՛ տղաների մոտ) եւ այլն։ Ինչո՞ւ, որովհետեւ Աստծո Խոսքն ասում Է. «Չգիտեք դուք, որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են, որ Աստծուց եք առել եւ ձեր մեջ է բնակվում։ Իմացե՛ք, որ դուք չեք ձեր անձերի տերը, այլ Աստված, որ փրկագնով ձեզ գնեց։ Հետեւաբար այնպես ապրեք, որ Աստված փառավորվի ձեր մարմինների մեջ» (Ա Կորնթ. 6. 19-20):

Կա եւս մեկ ցավալի հարց, երբ ասում են, իբր քրիստոնեությունը «տատիկների» կրոն Է եւ ոչ թե երիտասարդների։ Նաեւ պնդում են թե երբ սպորտսմենը հավատա Աստծուն, ուրեմն կթուլանա: Այլ խոսքով ասած` այնքան Է խեղճացել, որ հույսն Աստծո վրա Է դրել եւ ոչ թե իր ուժի։ Սակայն ակնհայտ Է եւ ուրախալի փաստ, որ այսօր աշխարհի տարբեր ծագերում կան քրիստոնյա սպորտսմեններ, որոնք հավատալով Հիսուսին` հասել են սպորտային բարձր դիրքերի եւ հաղթանակների:

Վերը նշված պատմությունները փաստեցին, որ մարդը կարող է հավատալ Աստծուն եւ հաղթանակած դուրս գալ ցանկացած բարդ իրավիճակից: Աստծո Խոսքն այս առումով վստահության հույս է ներշնչում ամենքիս՝ ասելով. «Աստված ուզում է, որ բոլոր մարդիկ փրկվեն ու ճշմարտությունը ճանաչեն» (Ա Տիմ. 2.4):

Ամփոփելով այս փոքրիկ գրվածքը` նշենք, որ սպորտը օգտակար է մարմինը կոփելու համար, բայց, միեւնույն ժամանակ, առավել կարեւոր եւ անհրաժեշտ է «հոգու մարզումը»` աստվածապաշտությունը: (Կարդացեք «Հոգու, թե մարմնի մարզանք» թերթիկը, որտեղ մանրամասն ներկայացված են աստվածապաշտության օգտակար կողմերը):

Ինչո՞ւ է քիչ բանի օգտակար մարմնի մարզումը` անկախ այն բանից մենք զբաղվում ենք սիրողական, թե պրոֆեսիոնալ սպորտով։ Բերենք երկու պարզ օրինակ. երիտասարդ աղջիկները մարզվելով` հետագայում կարող են առողջ եւ պիտանի մայրեր լինել իրենց զավակների համար, իսկ երիտասարդ տղաներին դեռ հայրենիքի պաշտպանությունն է սպասում:

Ինչու՞ է աստվածապաշտությունը ամեն բանի օգտակար եւ անհրաժեշտ: Բերենք եւս երկու պարզ օրինակ. եթե սպորտային ասպարեզում հաղթողը մեկն է, ապա հոգեւոր կյանքի մեջ հավիտենական կյանքին կարող են արժանանալ շատերը` հավատով Աստծո ձրի շնորհն րնդունելով, եւ երկրորդ` աստվածապշտությամբ «մարզում» ենք մեր հոգին հավիտենական կյանքի համար, ինչը մարմնի մարզումը չի կարող մեզ տալ, կամ փոխարինել:

Ուստի, սիրելի՛ ընթերցող, եթե դու ունես բարձր սպորտային դիրք, կամ նոր ես մտել սպորտային ասպարեզ եւ դեռ չես ճանաչում քեզ ստեղծող Արարիչ Աստծուն, ապա մի հապաղիր, հավատով բաց քո սիրտը Հիսուսի առաջ, նորոգի՛ր քո ուխտն Աստծո հետ եւ Նրան կյանքիդ մեջ հրավիրիր: Այդ բանի համար կարող ես կրկնել այս փոքրիկ աղոթքը.

Գաղտնիքներ Քննող, մեղա Քեզ կամա եւ ակամա, գիտությամբ եւ անգիտությամբ, թողություն շնորհիր մեղավորիս, քանզի Սուրբ Ավազանի ծնունդից մինչեւ այսօր մեղանչել եմ Աստվածությանդ առաջ իմ զգայարաններով եւ մարմնիս բոլոր անդամներով: Ամեն:

Գրի առավ Թաեքվոնդոյի մարզիչ՝ Լեւոն Ա.

 

Հրավիրում ենք ամենայն հավատացելոց՝ արանց եւ կանանց,
ծերոց եւ տղայոց, ամենայն չափի հասակի հավատացելոց

Հայ Առաքելական Եկեղեցու Եկեղեցասիրաց Եղբայրակցության Հավաքները Երեւանում

 

Չորեքշաբթի ժ.16-ին: Կիրակի ժ. 15-ին

"Շողակաթ" հեռուստաընկերություն (նախկին "Նաիրիտ" մշակույթի կենտրոն)

Գարեգին Նժդեհի հրապարակի մոտ