ՀԱՂԹՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ, ՈՐԸ ՎԵՐ Է ԲՈԼՈՐ ՆՇԱՆՆԵՐԻՑ
Սպորտ

Մարդկային գործունեության գրեթե յուրաքանչյուր ոլորտ ունի իր խորհրդանշանը` խորհրդապատկերը: Խորհրդանշաններն ունեն իրենց թե՛ ներքին, թե՛ արտաքին իմաստները հոգեւոր եւ մարմնավոր տեսանկյունները:

Աշխարհում գոյություն ունեն մոտավորապես 11 տեսակի խոշոր կրոններ, եւ դրանցից մեծագույնը քրիստոնեությունն է, եւ այն ոչ միայն կրոն Է, այլ նաեւ` ԿՅԱՆՔ: Ինչու՞, որովհետեւ բոլոր կրոնների առաջնորդները իրենց հերթին փորձել են կյանքի ու ճշմարտության վերաբերյալ ինչ-որ բաներ խոսել եւ «լայն» ճանապարհներով առաջնորդվել, մինչ Հիսուսը խոսեց եւ կատարեց այն, ինչ-որ մի կրոնի առաջնորդ կամ աստված չկատարեց ու չխոսեց, եւ չէին էլ կարող:

Ահա թե ինչ ասաց Հիսուսը. «Ես եմ ճանապարհը, Ճշմարտությունը եւ կյանքը» (Հովհաննես 14. 6)։

Սա Է հիմնական պատճառը, որ քրիստոնեության մեջ Հիսուս Քրիստոսն է ԿՅԱՆՔԸ, եւ ոչ միայն ներկա, այլ նաեւ հավիտենական կյանքը.

«Նա (Հիսուս Քրիստոսն) Է ճշմարիտ Աստված ու Հավիտենական կյանքը» (Ա Հովհաննես 5.20)։

Նախ. «Հիսուսը ծնվեց Սուրբ Կույս Մարիամից` Սուրբ Հոգու կողմից, չարչարվեց Պոնտացի Պիղատոսի օրոք, խաչվեց, մեռավ եւ թաղվեց: Երրորդ օրը հարություն առավ մեռելներից, փառքով երկինք համբարձվեց` քավություն, թողություն ու հավիտենական կյանք շնորհելով մեզ` Իրեն հավատացողներին»։ Մարդկային շինծու կրոններից առավել է քրիստոնեությունը, որովհետեւ Հավատում է Մեկ Աստծո, որը ստեղծել է երկինքն ու երկիրը, տեսանելի եւ անտեսանելի ամեն բան։ Աստված ասաց. «Ինձանից բացի ուրիշ աստվածներ չունենաս» (Ելից 20-3)։ Իսկ Պողոս առաքյալը Աստծուց ներշնչված ասում Է. «Մե՛կ Տեր կա, մե՛կ Հավատ, մե՛կ մկրտություն, մե՛կ Աստված` Հա՛յր բոլորի» (Եփեսացիս 4.5-6)։ Վերը նշված բոլոր կրոններն ունեն իրենց խորհրդանշանները:

Մեր այս փոքրիկ նյութում հնարավոր չէ խոսել բոլորի մասին, բայց, որպես օրինակ, կփորձենք խոսել դրանցից մեկի` «Բուդդիզմի», հոգեւոր նշանի մասին` համեմատությամբ ԽԱՉԻ նշանի:

Բոլորս ենք մեր կյանքի մեջ, երեւի թե, գոնե մեկ անգամ լսել  «Բուդդա» անունը եւ տեսել այդ նշանը : Միեւնուն ժամանակ լսել ենք «Հիսուս Քրիստոս» անունը` ականատես լինելով Նրա Նշանին , բայց շատ քչերն են փորձել հավատով ընկալել եւ թափանցել այդ փառահեղ Նշանի` ԽԱՉԻ, խորհրդի մեջ: Ո՞րն է Բուդդայի խորհրդանշանի սեւ-սպիտակ շրջանների էությունը: Արեւելյան փիլիսոփայության մեջ այս շրջաններին տրվել է ԻՆ (սեւ) եւ ՅԱՆ (սպիտակ) անվանումները: ԻՆ-ը իր մեջ ներառում է մթությունը, փափուկը, ծանրը, սառը, ցածրը, փոփոխականը, իսկ ՅԱՆ-ը` լուսավորը, պինդը, թեթեւը, տաքը, բարձրը, մշտատեւը: Այս երկու մեծ ուժերը փոխկապակցված են. մեկի սկիզբը նշանակում է մյուսի վերջը եւ հակառակը:

Աշխարհում այս նշանը (գիտակցաբար թե անգիտակցաբար) շատ մարդկանց մոտ կյանքի Էության մասն Է կազմում, ոմանք այս նշանին են երկրպագում, մյուսներն Էլ դաջվացքի եւ նշանների ձեւով իրենց վրա են կրում, այսինքն, կախված իրենց ներքին շարժառիթներից` այս նշանի գործածությունը տարբեր է լինում: Շատ հայորդիներ, այս նշանի էությունը հասկանալով կամ չհասկանալով, կամա, թե ակամա իրենց վրա կրելով եւ իրենց սրտի մեջ տեղ տալով, փորձում են նմանակել այդ մարդկանց, նշենք նաեւ, որ այս բանի մեջ մեծամասամբ ներքաշված են արեւելյան մարզաձեւերով զբաղվող շատ մարզիչներ եւ մարզիկներ:

Ի՞նչն է պատճառը այս մեծ մոլության։ Նշենք մի քանի պատճառներ. Մեղքը` Աստծո կամքին չհնազանդվելը: Մարդն ունի ազատ կամք բարու եւ չարի ընտրության մեջ, եւ երբ իր չար ցանկություններից (Ես-ից, Անձից) դրդված մեղքն է ընտրում եւ գործում, հայտնվում է խառնաշփոթ իրավիճակների մեջ: Այդ մոլության հաջորդ պատճառը Սատանան է, որը խավարի իշխանն է եւ միեւնույն ժամանակ` ստության հայրը։

Տեսեք, թե ինչ է ասում Աստծո Խոսքը. «Սատանան հենց սկզբից մարդասպան էր (քանի որ նա դրդեց Կայենին, որ սպանի իր եղբորը), նա ճշմարտության կողմնակից չի եղել երբեք, որովհետեւ նրա մեջ ճշմարտություն չկա: Երբ նա սուտ խոսի, իր նկարագիրն է ցույց տալիս, քանի որ ստախոս է եւ ստի Հայր: (ՀովՀաննես 8.44)։

Սիրելի՛ բարեկամ, քննիր ինքդ քեզ, միգուցե դու էլ, քո չար ցանկություններից դրդված կամ Սատանայից խաբված` կարծում ես, թե ճանաչում ես ճշմարտությունը: Քրիստոնեության մեջ ճշմարտությունը գաղափար չէ, այլ Հիսուս Քրրիստոս Անձն է: Բայց դու դեռ քեզ վրա կրում ես սնոտի եւ փուչ նշաններ ու սիրտդ խավարի մեջ ես թաքցնում։ Լավ է, որ սթափվես ու ետ դառնաս այդ մոլորեցնող ճամփաներից:

Սուրբ Գիրքն ասում է. «Եվ դատապարտությունն այս է. Լույսն աշխարհ եկավ, բայց մարդիկ խավարն ավելի սիրեցին, քան Լույսը, որովհետեւ չարություն էին գործում։ Ով որ չար գործ է կատարում, ատում է Լույսը եւ չի գալիս դեպի Լույսը, որպեսզի իր գործերը հայտնի չդառնան։ Սակայն ով որ կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի Լույսը, որպեսզի հայտնի լինի, թե իր գործերը կատարված են Աստծո կամքի համաձայն» (ՀովՀաննես 3. 19-21)։

Սիրելի հայորդիներ, չխաբվե՛ք հնարովի չար բաներից, քանի որ մեր հայ ազգը 1700 տարի շարունակ եւ մինչ այդ էլ արյան գնով պահել է սրտի մեջ իր հավատն ու այդ հավատի վավերացման կնիքը` ԽԱԶԸ, որը միակ երկրպագելի նշանն է` տրված Աստծո կողմից:

Բա՛ց քո սիրտը Քրիստոսի առջեւ եւ նրա հաղթության նշանը` Խաչը, արա քեզ փրկության դրոշակ, որովհետեւ Քրիստոսը հենց Խաչի մահով հաղթեց մեղքին, աշխարհին եւ Սատանային:

Ինչու՞ է Հիսուսի նշանը զորավոր եւ հաղթական ոչ միայն Բուդդայի նշանից, այլ գոյություն ունեցող բոլոր նշաններից։

Առաջին. նշենք, որ Բուդդայի նշանն իր մեջ պարունակում է խավար, մինչ Հիսուսի նշանը իր մեջ միայն Լույս է պարունակում։ Մայր եկեղեցին` ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻՆ, Խաչը եւ Խաչյալը միշտ նույնացնում է։ Աստծո Խոսքն ասում է. «Աստված լույս է, ու նրա մեջ բնավ խավար չկա» (Ա Հովհաննես 1. 5)։ Ուրեմն, եթե Աստված լույս է, ուստի Նրա նշանն էլ կլինի Լուսո նշան։

Երկրորդ. շեշտեցինք նաեւ, որ Բուդդայի նշանում խավարն ու լույսը իրար հետ փոխկապակցված են: Իսկ Աստծո Խոսքն ասում է. «...Ինչ Հաղորդակցություն ունի Լույսը խավարի Հետ» (Բ Կորնթացի 6-14)։ Այո՛ , ոչ մի հաղորդակցություն. Լույսը եւ խավարը անհամատեղելի են։ Ինչպես Լույսի ծագած ժամանակ խավարն է անհետանում (օրինակ եթե երեկոյան տան դուռը բաց անենք, ապա կտեսնենք, որ լույսն է թափանցում խավարի մեջ` այն լուսավորելով, եւ ոչ թե խավարն է ներս թափանցում), այդպես էլ Լույս Խաչի նշանով պարտության է մատնվում ամեն մի խավար եւ խավարի նշան:

Երրորդ. երբեւէ չենք հանդիպել կամ լսել մի վկայություն, որ Բուդդայի նշանով մեծ հրաշքներ են եղել, բայց կան բազում վկայություններ (համոզվելու համար կարդացեք «ԽԱԶԱՊԱՏՈՒՄ» գիրքը) Խաչի կատարած հրաշքների, բժշկությունների եւ պահպանության վերաբերյալ: Այո՛, Խաչն անարգանքի, չարչարանքի եւ մահվան վայրն է, բայց եւ Խաչյալին Հանդիպելու միակ տեղն է, որը սրբացավ թափված արյամբ։ Ուստի, Հիսուսի Խաչը նաեւ կյանքի վայր է:

Եւ վերջապես. Քրիստոսի Գալուստից առաջ երկնքում պետք է երեւա Իր Նշանը` ԽԱՉԸ: Սուրբ Գիրքն ասում է.« Երկնքի վրա մարդու Որդու նշանը պիտի երեւա, ու այդ ժամանակ երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն, եւ պիտի տեսնեն մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերով` զորությամբ եւ բազում փառքով» (Մատթեոս 24-30)։ Բարեկա՛մս, Աստծո քաղցրությունը տանում է ապաշխարության, ուստի հիմա՛ ընտրիր ԽԱՉԸ, որպեսզի երբ այն Օրը գա, ազատվես Աստծո բարկությունից: Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր եւ հավիտյան, ընտրի՛ր Կյանքը, որպեսզի ապրես:

Սիրելի՛ բարեկամ, ավարտելով այս փոքրիկ նյութը, կցանկանայինք, որ դու էլ, Պողոս առաքյալի պես, պարծենայիր միայն Քրիստոսի Խաչով։ Տե՛ս, թե ինչ է նա հորդորում մեզ. «Քավ լիցի, որ ես մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի Խաչից բացի ուրիշ բանով պարծենամ։ Այդ Խաչի միջոցով աշխարհն այլեւս մեռած է ինձ համար, ինչպես որ ես էլ մեռած եմ այս աշխարհի համար» (Գաղատացիներին 6.14):

Հավատով կարող ես կրկնել այս փոքրիկ աղոթքը` ի սրտե զրույցը Աստծո հետ:

Խնամող արարածների, Խաչիդ նշանով պահպանիր հոգիս ու մարմինս մեղքերի պատրանքներից, դեւերի փորձություններից, անիրավ մարդկանցից եւ բոլոր վտանգներից հոգու եւ մարմնի, եւ ողորմի՛ր Քո արարածներին եւ ինձ` բազմամեղիս: Ամեն։

Թաեկվոնդոյի մարզիչ` Լեւոն Ա.

 

Հրավիրում ենք ամենայն հավատացելոց՝ արանց եւ կանանց,
ծերոց եւ տղայոց, ամենայն չափի հասակի հավատացելոց

Հայ Առաքելական Եկեղեցու Եկեղեցասիրաց Եղբայրակցության Հավաքները Երեւանում

 

Չորեքշաբթի ժ.16-ին: Կիրակի ժ. 15-ին

"Շողակաթ" հեռուստաընկերություն (նախկին "Նաիրիտ" մշակույթի կենտրոն)

Գարեգին Նժդեհի հրապարակի մոտ