ԻՆՉՊԵ՞Ս ԱՊԱՇԽԱՐԵԼ
Համառոտ Պատգամներ

ԴԱՐՁ ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 

Ավետարանում հիշատակվում է, որ Հովհաննես Մկրտիչն ու Հիսուս Քրիստոսը ապաշխարություն են քարոզել.

- Ապաշխարեցեք, քանի որ երկնքի թագավորությունը մոտեցել է:

Ապաշխարությունը երկնային թագավորության ուղին է. բովանդակում է դարձ, զղջում եւ խոստովանություն: Դարձին կամ դարձի ապաշխարությանը հաջորդում է զղջումը, խոստովանությունը, Աստծո պատվիրանի համաձայն կյանքը, դրանով ամբողջանում է Եկեղեցու ապաշխարության խորհուրդը:

Հիրավի Աստված արդար է, իսկ մենք` մարդիկս, ըստ Աստվածաշնչի, Աստծո պահանջների` պատվիրանների հանդեպ թերացող` մեղավոր: Այդուամենայնիվ, Ավետարանը բացահայտում է նաեւ Աստծո սերը մարդու հանդեպ չնայած մարդը մեղավոր է, Քրիստոսը մարդուն արդարացնելու համար մեռավ Խաչի վրա եւ, Աստծո զորությամբ մեռելներից հարություն առնելով, համբարձվեց երկինք` բազմելով Աստծո Աջ կողմում:

Մեզանից շատերն աղոտ պատկերացում ունեն դարձի գալու` ապաշխարելու մասին: Այնինչ մարդու հոգեւոր կյանքը սկզբնավորվում է Աստծո հետ հաշտվելով:

Մոտ է խոսքը քեզ, քո բերանում եւ քո սրտում:

Այսինքն` հավատի խոսքը, որը քարոզում ենք:

Որովհետեւ, եթե քո բերանով Հիսուսին Տեր

խոստովանես եւ քո սրտում հավատաս, թե

Աստված նրան հարություն տվեց մեռելներից,

կփրկվես, քանի որ արդարանալու համար

սրտով հավատում ենք եւ փրկվելու համար

խոստովանում բերանով, քանզի Սուրբ Գիրքն ասում է.

«Ամենայն ոք, որ հավատա նրան, չի ամաչելու»:

«Ամենայն ոք, որ Տիրոջ անունը կանչի, կփրկվի»:

Հռոմեացիս 10.8-13

Իսկ եթե դուք դեռեւս կնքված` մկրտված չեք, ձեր բարեկամ քրիստոնյաները ձեզ կօգնեն պատրաստվելու ս. Մկրտությանը`

ա) մկրտվելով արդարանալ,

բ) սրբվել մանկությունից մինչ այդ օրը գործած բոլոր մեղքերից` մտաբերած կամ չմտաբերած, կամա, թե ակամա, գիտակցաբար, թե անգիտակցաբար գործած բոլոր անօրենություններից ու հանցանքներից,

գ) ազատվել չար զորությունների ներգործություններից եւ

դ) ծառայել մեր Արարիչ Աստծուն. Նա նաեւ մեր Փրկիչն է` Հիսուս Քրիստոսը:

Իսկ եթե կնքված` մկրտված եք, ձեզ կօգնեն հավատի միջոցով վերականգնել մկրտության ժամանակ ձեր արած Ուխտը եւ դառնալ լիարժեք քրիստոնյա` հարատեւելով բարի գործերում:

Կոչ ենք անում հաշտվել Աստծո հետ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով: Սրտով հավատա ու բերանով խոստովանիր եւ կդառնաս Աստծո պատրաստած հավիտենական Փրկության ու երկնային թագավորության ժառանգակիցը:

Աղոթենք Ներսես Շնորհալու բառերով.

 

Որդի Աստծո, Աստված ճշմարիտ, որ խոնարհվեցիր հայրական ծոցից եւ

մարմին առար Սուրբ Կույս Մարիամից` մեր փրկության համար.

խաչվեցիր, թաղվեցիր եւ հարություն առար մեռելներից եւ փառքով

համբարձվեցիր առ Հայր, մեղանչեցի ես երկնքի եւ քո առաջ,

հիշիր ինձ ինչպես ավազակին, երբ գաս քո արքայությամբ, եւ ողորմիր քո

արարածներին եւ ինձ` բազմամեղիս:

 

Հայ Եկեղեցու ընկալմամբ` Որդեգրման Հոգին ընդունելով` հավատով Աստծո զավակ դառնալով, հնարավոր չէ այլեւս տարանջատել հավատն ու գործերը, քանի որ գործերը մեր հավատի կյանքի վառ ապացույցն են:

Արդյո՞ք հավատի մեջ ենք, թե մեր հավատը փոխվել եւ վերածվել է սնոտի հավատալիքների մի կույտի.

«Ով սնոտի մարդ, ուզո՞ւմ ես իմանալ, հավատը դատարկ բան է առանց գործերի»: Հակոբոս 2.20:

Հավատը կարող է մեռնի, եւ մարդն անտեղյակ ու ինքնագոհ շարունակի իր կյանքը`

«Ինչպես որ մեռած է մարմինը առանց հոգու, այնպես էլ մեռած է հավատն առանց գործերի»: Հակոբոս 2.26

Հավասարակշիռ ընթացքը, որն աներկբա Աստծո Շնորհի առատ հորդման հետեւանք է, կոչվում է քրիստոնեական կյանք:

Կյանքում մարդը կարող է վերելք կամ անկում ապրել, տխրել, ուրախանալ, բժշկվել կամ հիվանդ մնալ, այդուհանդերձ պետք է հիշի.

«Նույն Տերը բոլորինն է, հասնող բոլորին, ովքեր կանչում են նրան, որովհետեւ ամենայն ոք, որ Տիրոջ անունը կանչի, կփրկվի»:

Հռոմեացիս 10.12-13:

 

Կազմեց` Հ. Զաքարյանը

 

Մեզ կարող եք գրել`

Հայ Առաքելական Եկեղեցու Եկեղեցասիրաց Եղբայրակցություն

Հավաքները` Չորեքշաբթի` ժամը 16:00-ին

Կիրակի` ժամը 15:00-ին

«ՆԱԻՐԻՏ» ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ

(III ՄԱՍ, Գ. ՆԺԴԵՀԻ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՄՈՏ)

 

 

Հրավիրում ենք ամենայն հավատացելոց՝ արանց եւ կանանց,
ծերոց եւ տղայոց, ամենայն չափի հասակի հավատացելոց

Հայ Առաքելական Եկեղեցու Եկեղեցասիրաց Եղբայրակցության Հավաքները Երեւանում

 

Չորեքշաբթի ժ.16-ին: Կիրակի ժ. 15-ին

"Շողակաթ" հեռուստաընկերություն (նախկին "Նաիրիտ" մշակույթի կենտրոն)

Գարեգին Նժդեհի հրապարակի մոտ