ՆԱ ՊԻՏԻ ԳԱ
Համառոտ Պատգամներ

Նա, որ գալու է, պիտի գա

ու պիտի չուշանա:

Պողոս Առաքյալ

 

ՆԱ ՊԻՏԻ ԳԱ

 

Այս հորանջող երախի խառնարանում թավագլոր,

Խռով հոգիս ո˜նց գտնի անքուն աչքերի օրոր,

Քայլքը դանդաղ օրերի, ձանձրույթի ծով մեղավոր,

Թե շուտ չանցնի՝ կսպառի Հույս սպասումս բոլոր:

 

 

Ա˜խ թե հնար գտնեի կարճել ընթացքը մոլոր,

Խենթ ու խելառ պտտեի երկրի գունդը այս կլոր,

Հատներ թիվը օրերի, դառնար անշարժ վերջավոր,

Կանգներ շարժը ուղեղի, հանգիստ գտներ ու անդորր:

 

Բայց ես՝պատանդ սին կյանքի, ընկած անիվն այս գլոր,

Հոգիս՝ճախրող բազեի, թևերս՝ թույլ ու անզոր,

Ծնկած շեմին հավատքի, անուրջների թևավոր,

Սպասում եմ Հիսուսի վերադարձին փառավոր:

 

Արդ՝ ականջս խոստումի շեփորումին ամպագոռ,

Դարձել եմ աչք կարոտի՝ ճանապարհին երկնավոր:

Համբերության սահմանի, զսպած հուները փոթոր,

Բռնել եմ փեշը հույսի, երազների լուսավոր:

 

Հավատում եմ, չի՛ թողնի, այսպես նկուն, գլխիկոր,

Նա պիտի գա՛ ու ճեղքի Խաչով ամպերը խոժոռ,

Նա պիտի գա՛ ու ջնջի՛, անեծքը մեր նախահոր,

Նա պիտի գա՛ ու պիտի կյանք տա հույսերիս բոլոր:

 

Նոյեմբեր 2011, Լոս-Անջելես

Մուրադ Իսկաջյան

 

Հրավիրում ենք ամենայն հավատացելոց՝ արանց եւ կանանց,
ծերոց եւ տղայոց, ամենայն չափի հասակի հավատացելոց

Հայ Առաքելական Եկեղեցու Եկեղեցասիրաց Եղբայրակցության Հավաքները Երեւանում

 

Չորեքշաբթի ժ.16-ին: Կիրակի ժ. 15-ին

"Շողակաթ" հեռուստաընկերություն (նախկին "Նաիրիտ" մշակույթի կենտրոն)

Գարեգին Նժդեհի հրապարակի մոտ