Գեւորգ եղբայր Պուքրույան (1885-1958)

ՀԱՋԻ (Ուխտավոր) ԳԵՎՈՐԳ

ԳԵՎՈՐԳ ԵՂԲԱՅՐ ՊՅՈՒՔՐՈՒՅԱՆ

կամ

ԵԿԵՂԵՑԱՍԻՐԱՑԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Պյուքրույան Գեւորգ եղբայրը ծնվել է Հաճնի Շար գյուղում 1885թ. (Կիլիկիա): 1893թ. տեղափոխվում են Դեորթ-Եօլ, հոր անունը Նազարեթ էր, եղբոր անունը` Պողոս, քույրերը` Հռիփսիմե եւ Դշխո: Նախնական ուսումը ստացել է Դեորթ-Եօլի դպրոցում: Իր հետ սովորում է նաեւ հետագայում իրենց քարոզիչ եղբայրներից Հովսեփ Վասիլյանը: Ինչպես ընդունված էր այն ժամանակ 1900 թվին ցանկանում է արհեստ սովորել: Նույն այդ տարին Յարփուզ գյուղից Քույր Եղիսաբեթը իր Հարություն եղբոր հետ տեղափոխվում եւ հաստատվում է Դեորթ-Եօլում: Գեւորգը Հարություն Լաբաշլյանի փեսայի մոտ սովորում է կահույքագործի արհեստը: Այդ արհեստի մեջ բավականին հմուտ է դառնում, բայց, որոշ ժամանակ անց, ինքնուրույն գործ ունենալու մտադրությամբ, որմնադրություն է սովորում եւ օգնում Քույր Եղիսաբեթին իրենց բնակության համար տուն շինելուն:

Գրություններից պարզ է դառնում, որ Քույր Եղիսաբեթը Դեորթ-Եօլ ժամանելու հենց հաջորդ օրը աղոթաժողով է բացում իր ապրած տան մեջ: Տարվա մեջ երկու-երեք անգամ Նաճըրլը գյուղի քահանա Տեր Ղեւոնդը եւ Ադանայից Սարգիս Ախպար Պաշյանը գալիս են այստեղ` ոգեւորելու ու քաջալերելու եղբայր-քույրերին: Նրանք մնում էին 10-15 օր եւ վերադառնում իրենց տեղը:

Հաջի Սարգիս Պաշյանը շրջիկ քարոզիչ էր Ադանայի կուսակալությունում եւ միշտ մի տեղից մյուս տեղն էր գնում:

Նկարի ետեւում մակագրված է.

Հաճի Սարգիս Պաշեան Հաճնեցի,

Նախկին Սիրոյ Եղբայրակցության հիմնադիր,

այժմյան Ե-ս Ե.,

Դամասկոս, 24 հոկտեմբերի, 1936

Նվեր Գուզուպաշեան Մարգարիտից Մարիամ Պաղտասարեանին,

21 փետրվարի, 1967, Երեւան

Մահացավ 102 տարեկան

Հաջի Գեւորգ եղբոր դարձն այսպես են պատմում թե ինքը եւ թե ականատեսները.

Գործից հետո, երբ գիշերները լսում է աղոթքի եւ երգեցողության ձայները, ինքը գաղտնի` աղոթատեղի պատերի վրայով, ներս է մտնում , նստում մի անկյունում` ուշադիր ունկնդրում երգերն ու քարոզը: Այսպես, մի քանի անգամ աղոթաժողովին ներկա գտնվելուց հետո, մի օր Սուրբ Հոգու անշեջ կրակն է ծագում ու վառվում իր սրտում. բոլորի առջեւ ծունկի է գալիս ու իր ապաշխարության վկայությունը տալիս:

Բավականին փորձառություն եւ առաջադիմություն ունենալուց հետո սիրտը բացվում է քարոզելու համար, որպեսզի վկայելով կարողանա օգտակար լինել իր նմաններին: Աստծո գրծի մեջ բավականին զարգանում եւ առաջ է գնում: Հենց այդ ժամանակից իր հետ համագործակցում են նաեւ Հովսեփ Վասիլյանը, Մելիտոս Պորանյանը, Հաջի Շաքուրը եւ ուրիշներ:

Փաստորեն, մինչեւ Առաջին Համաշխարհային Պատերազմի սկսվելը Դեորթ-Եօլում կար չորս աղոթաժողով. երկուսը տղամարդկանց, երկուսը կանանց համար: Տղամարդկանց մի աղոթախումբը Քույր Եղիսաբեթի աղոթատեղում էր` Վերին թաղում: Ահա թե մյուս աղոթատեղի մասին ինչ է պատմում Գեւորգ եղբայր Պյուքրույանի կենսագրականի հեղինակ Հովհաննես եղբայր Մինասյանը Բեյրութում 1973թ. լույս տեսած Եկեղեցասիրաց Եղբայրակցության «Ճառագայթ » ամսագրի Ա համարի 5-9 էջերում.

Էրիկ մարդկանց երկրորդ աղոթատեղին Վարի թաղում Սարգիս Մաճարյանի տան մոտերքն էր, իսկ կանանց համար աղոթատեղիներից մեկը Վերի Թաղի հաճի Եղիսաբեթի տան մոտ էր, իսկ երկրորդը Վարի թաղում մեր բնակած տան բակում տախտակից շինված վարագա էր: Այս աղոթատան հիմնադիրը եւ վարիչը Թամամ եւ Մարիամ Մինասյաններն էին, որոնք իրենց դրամավ էին շինել այն: Սրանք երկուսն էլ իրենց Աստծուն նվիրած ապաշխարած կույս աղջիկներ էին: Հավաքները տեղի էին ունենում հինգշաբթի եւ կիրակի օրերին: Աղոթատեղի քարոզիչն էր Սարգիս Մաճարյանը: Նա որոշակի ժամանակի գալիս քարոզում եւ գնում էր: Նրա գնալուց հետո կանայք սկսում էին երգել: Մի քանի երգ երգելուց եւ անձնական աղոթք անելուց հետո ցրվում էին:

Երբեմն Վերի թաղի աղոթքն անցկացնող քույրերը` հաջի Եղիսաբեթ եւ Գումրու քույրիկը այցելում էին, եւ այդ օրվա աղոթաժողովը իրենք էին կառավարում. մի քանի երգ երգելուց հետո Քույր Եղիսաբեթը վեր էր կենում եւ հոգեշունչ քարոզում: Մի քանի կանանց անձնական աղոթքով ավարտվում էր աղոթաժողովը, իսկ տեղի քույրերը քաջալերվում էին:

Այստեղ կարելի հստակ տեսնել, թե ինչպես է Սուրբ Հոգին կազմակերպում ամեն բան. աղոթաժողովը ինքնուրույն է, ոչ ոք չի միջամտում, մյուս կողմից այն գտնվում է Եղիսաբեթ քրոջ քաջալերանքի եւ գուրգուրանքի ներքո: Սա մի կարեւոր սկզբունք էր, որը մեծ մասամբ պահպանվեց մինչեւ մեր օրերը: Այն վայրերում, ուր ինքնուրույնությունը չէր հավասարակշռվում քաջալերանքով եւ վերահսկողությամբ (նամանավանդ նոր վայրերը), առաջ էին գալիս ինքնակամ կրոնքի եւ բաժանման միտումներ, որոնք կարող էին սպառնալիք լինել Եկեղեցասիրացի Ուխտին եւ Նպատակին: Եվ հակառակն էլ էր ճիշտ. այն վայրերում, ուր չէր տրվում տեղական ինքնուրույնություն` քրիստոնեական գործառույթների ու վկայությունների համար, առաջանում էին քրիստոնեական կյանքի մեջ չաճող քարոզիչներ, որոնք ի վիճակի չէին լինում տեղում առաջացած ընթացիկ հարցերը Սուրբ Ավետարանի եւ Սուրբ Եկեղեցու ընկալմամբ լուծելու եւ շարունակ հովանավորչության կարիքն էին ունենում: Մանկությունը շատ լավ բան է, իսկ միշտ մանուկ մնալը իրոք հիվանդություն է: Մենք մեծ փորձառություն չունենք, բայց համոզվեցինք, որ մանուկ մնալու այս հիվանդությունը հաճախ վարակիչ է լինում եւ շատ դվար բուժվող:

Ա Համաշխարհային Պատերազմը սկսվելուց հետո համապատասխան տարիք ունեցողների մի մասին զինվորական ծառայության կանչեցին, մի մասին էլ ճանապարհ շինելու համար ուղարկեցին Ինթիլլի: Մի օր էլ Գեւորգ եղբորը կանչեցին զինվորական Բյուրո: Արձանագրվելուց հետո հայտնում են, որ պատրաստվի ծառայության համար Պոլիս գնալու: Գնալուց առաջ հրաժեշտի եւ օրհնության համար գնում է Քույր Եղիսաբեթի մոտ: Հաջի քույրը (մեծ մասամբ այդպես էին կոչում Եղիսաբեթ քրոջը) նրան ասում է.

-Գնա խաղաղությամբ: Երեք անգամ փորձության մեջ կընկնես, սակայն ողջ եւ առողջ կվերադառնաս: Վերադարձիդ ինձ այլեւս չես գտնի:

 

1918թ. դեկտեմբերի 18-ին զինադադար եղավ. Սուրիայի, Լիբանանի, Հաւրանի եւ Դեր Զօրի անապատները քշված հայերից ողջ մնացածները իրենց հայրենիք վերադարձան: Հաճի Գեւորգ եղբայրն էլ վերադառնում է Դեորթ-Եօլ, բայց Հաջի Եղիսաբեթին չի գտնում` ճի՛շտ Եղիսաբեթ քրոջ ասածի պես երեք անգամ փորձանքի մեջ է ընկնում եւ Աստծո օգնությամբ երեք անգամ էլ անվտանգ կերպով ազատվելով` ողջ ու առողջ վերադառնում է Դեորթ-Եօլ: Հաջի Եղիսաբեթը մարգարեական հոգի ուներ եւ ապագայում եղող բաները իրեն հայտնվում էին:

Գեւորգ եղբոր կենսագիրը նույն գրության մեջ շարունակում է.

Գէորգ եղբայրը վերադառնալով` իրենց տան մի մասը քանդված է գտնում: Անմիջապես նորոգում է ու անցնում Աստծո գործին: Թե՛ ապրուստի մասին է հոգում, եւ թե՛ Աստծո գործն է անում: Այս անգամ էլ իր հետ աշխատում են Հովսեփ Վասիլյանը, Մելիտոս Պորանյանը, Ռուբեն Գարավարդանյանը եւ Սամուել Պորանյանը: Այս եղբայրներին հաջողվում է նույն կանոնին համապատասխան ընթանալով` հավաքել Եկեղեցասիրացի անդամներին միասին աղոթելու եւ Ավետարանի պատգամը բաժնեկցելու:

Երեւանում` Ախպարաշենում, Եկեղեցասիրացի ամեն աղոթաժողովի ավարտից հետո, քույրերի մեծ մասը եւ եղբայրների մի մասը հեռանալուց հետո ավագ եղբայրները սիրով եւ որպես շատռ մեծ մի բան պատմում էին անձրեւի դեպքը, հետագայում, երբ Եկեղեցասիրացի մասին բավականին նյութեր էինք հավաքել իմացանք, որ այդ դեպքը անմիջական կապ ունի Հաջի եղբոր հետ` Հաջի Գեւորգի.

Աքսորից վերադառնալուց հետո երաշտ է լինում, այնքան երկար որ ամբողջ ցանքսը վտանգի տակ է լինում. Դեորթ-Եօլի եւ շրջակա գյուղերի թե հայ, թե թուրք բնակիչները աղոթում են, որ Տերը անձրեւ ուղարկի եւ փրկի իրենց վերահաս սովից: Տեղի քահանան` Տեր Գրիգոր Տեր-Ստեփանյանը գիշերով գնում է Հաջի Եղբոր տուն եւ պատվիրում, որ հենց այդ գիշեր եղբայրներով հավաքվեն ու աղոթք անեն, որ այս գիշեր Աստված անձրեւ ուղարկի ու սովը կասեցնի: «Եթե Աստված»,- ասում է Տեր Հայրը,- «լսի ձեր աղոթքը եւ անձրեւ ուղարկի, իմ կողմից խոստանում եմ եկեղեցին տրամադրել որպես աղոթատեղի»: Գեւորգ եղբայրը ուշ ժամի հավաքում է եղբայրներին եւ ինքնամոռաց տրվում են աղոթքի: Կես գիշերին Աստված տեղատարափ անձրեւ է ուղարկում, իսկ եղբայրները այնքան տարված են լինում աղոթքով, որ բավականին ուշ են իմանում:

Հայաստանի Եկեղեցասիրացի հիմնադիրների համար սա Երկնքի Տիրոջից Եղբայրակցության վավերացման նման մի բան էր. այնքա~ն սիրով էին հիշատակում այդ դեպքը Ասատուր եղբայր Դարբինյանը եւ Խաչեր Եղբայր Գուզուբաշյանը: Բայց անուններ չէին տալիս եւ թույլ էլ չէին տալիս մեզ ցուցակներ պահել, որ մարդկանց հարվածի տակ չդնեն: Մենք շատ բան չէինք հասկանում, բայց հնազանդվում էինք: Մենք մեզ բավականին ազատ էինք զգում. միգուցե, որ երիտասարդ էինք ու անփորձ եւ դեռ պետական մեքենայի զորությունը դեռ չէր ծանրացել մեր վրա:

Հաջորդ դեպքը կմեջբերենք Գեւորգ եղբոր կենսագրականը պատմող հարգարժան Հովհաննես եղբայր Մինասյանից.

Մի գիշեր Հաճի Գեւորգ եղբոր աղոթատան հարեւաններից մեկը՝ Հակոբ Գարատանեանը, լսելով եղբայրների երգեցողության ձայնը, բարկանում է եւ հրացանը վերցնելով մոտենում աղոթատանը. հրացանի փողը ուղղում է եկեղեցու կողմը` պատրաստ սպասելով, որ եթե նորից ձայներ լսի՝ կրակի: Երբ սկսում են երգել, նրանց երգած երգերի տխուր ձայնից ազդվելով եւ ուշի-ուշով ունկնդրելով հրացանի փողը ներքեւ է իջեցնում: Դրանից հետո, երբ երգի ձայն է լսում, ներս է մտում՝ երգված երգերն եւ քարոզները ունկնդրելու, որից հետո Լիդիայի սրտի նման իր սիրտն էլ Աստծո առաջ բացելով՝ ծունկի եկած ապաշխարության վկայություն է տալիս: Այդ դեպքից հետո երկար տարիներ հետեւում է Եղբայրակցության աղոթքներին՝ լինի դա Դեորթ-Եօլում, թե Ալեքսանդրեթում (Սանճագ), բայց Սանճագից Բեյրութ տեղափոխվելուց հետո, Սատանայի կողմից գայթակղվելով միության շարքերից դուրս է գալիս:

1921թ. դեկտեմբերին երկրորդ անգամ բոլոր ժողովուրդը գաղթեց Դեորթ-Եօլից դեպի Ալեքսանդրեթ. գաղթում էին թե՛ հայերը, թե՛ օտարները:

 

Ունեւորների մի մասը այնտեղից տեղափոխվեց Կիպրոս եւ Լիբանան, մի մասն էլ Ալեքսանդրեթում մնաց, բնակվելով տեղի տներում կամ վրաններում: Հաճի Գեւորգ եղբայրն էլ Փունար Պաշը գնացող ճանապարհի վրա գտնվող վրանի տակ հավաքույթներ էր կազմակերպել: Նա Աստծո նվիրյալ գործն էր շարունակում. իր հետ աշխատակցում էին Հովսեփ Վասիլյան, Սարգիս Գարատանայանը եւ Սամուել Պորանյանը: Որոշ ժամանակ վրանների տակ աղոթելուց հետո՝ հավաքույթը տեղափոխում են Հովսեփ Վասիլյանի տուն: Այնուհետեւ Գեւորգ եղբայրը որոշում է տեղափոխվել Բեյրութ եւ այնտեղ ծառայել Աստծո գործին: Տեղի աղոթաժողովը հանձնում է եղբայրներին ու ինքը տեղափոխվում եւ շարունակում է Ավետարանը քարոզել ու Աստծո խոսքով մարդկանց մխիթարել: Մի որոշ ժամանակ այդտեղ մնալուց հետո` այդ եղբայրներն էլ են տեղափոխվում Բեյրութ եւ միասին շարունակում գործել:

Բեյրութ տեղափոխվելուց հետո էլ Գեւորգ եղբայրը չէր մոռանում Իսկենդերոնի
Եղբայրակցությունը, որի հոգսը ինքն էր կրում:

Կարծես թե ամեն բան հիշեցնում է Իսրայելի դեգերումը անապատի միջով. միայն թե շատերը այդ ընթացքում տեղափոխվում են երկինք` մեր հավիտենական Տունը, իսկ բուն աղոթաժողովը` Կենտրոնը` Կեդրոն անունով, հաստատվում է Բեյրութում, իսկ շատ- շատերը գաղթում են Հյուսիսային եւ Հարավային Ամերիկա, Եվրոպայի շատ երկրներ, բազում երկրներում հիմնադրվում ու տարածվում է Եկեղեցասիրացը` ամուր հող պատրաստելով Մայր Եկեղեցու համայնքների ձեւավորման համար` իր փոքր ավանդը բերելով Առաքելական Եկեղեցու պայծառացման գործին, իսկ որ ամենակարեւորն է Եկեղեցասիրացի անդամների զավակներից շատերը լծվեցին Մայր Եկեղեցուն անմիջական ծառայելուն` սովորելով ու ձեռնադրվելով եւ հասան բավական բարձր դիրքերի` իրենց սրտում վառ պահելով աշխարհայինների ծառայության, Եկեղեցուն նվիրման սկզբունքը: Իսկ Երկրորդ Համաշխարհային Պատերազմից հետո մի մասին գաղթեցնում-վերաբնակեցնում են Սովետական Հայաստանում, ուր բարդ ու անասելի դժվար պայմաններում կանթեղվում է Լուսավորչի Ջահը` բոցկլտում ու վառ մնում Մեր Հայրերի հավատը:

Սիրիայի Ալեքսանդրեթում (այժմ Թուրքիա) երկար ժամանակ հարատեւեց Եկեղեցասիրացը`
մինչեւ հայերի ամբողջական գաղթը

Մենք մոտավորապես պատկերացնում ենք, թե ինչ է նշանակում կենտրոն լինել տարբեր երկրներում սփռված հայրենակիցների համար: 1988-1993թթ. երբ Հայաստանում հաշվվում էր մոտ 153 աղոթատեղի եւ մենք մատակարարում էինք թե նրանց եւ թե Սովետական Միությունով մեկ մեր ցրված հայրենակիցներին գրքեր, թերթիկներ, վիդեո ու աուդիո ձայնագրություններ, հայերեն սովորելու ձեռնարկներ, զանազան արվեստի ու մշակույթի իրեր, մենք մոտավորապես պատկերացնում ենք այն դժվարությունները, որոնք հաղթահարել են Հաջի Գեւորգը եւ իր զինակիցները, իսկ 1991թ. երբ այդ ամենին ավելացավ նաեւ արտասահմանյան շատ մեծ թվով երկրների մատակարարման անհրաժեշտությունը, գրեթե անհնար դարձավ, քանի որ ուղարկում էինք ոչ թե ձեւավորված համայնքին, այլ առանձին անհատների, որոնց թիվը շատ մեծ էր, իսկ փոստի աշխատանքը այդ տարիներին ուղղակի սարսափելի վատ էր: Հ Զաքարյան հուշեր:

Այսպիսով, Հաճի Գեւորգը Բեյրութում 30-35 տարի հավատարիմ մնալով Աստծո գործին՝ մահանում է: Դեորթ-Եօլից մինչեւ Բեյրութ՝ հիսուն երկար տարիներ հավատարիմ մնալով Աստծո գործին մեջ, բարի օրինակ եղավ իր նմաններին: Բնավորությամբ հեզ ու համեստ էր, իր ամբողջ կյանքի ընթացքում որեւէ մեկի հետ վեճ կամ խնդիր չի ունեցել: Եվ Պողոս առաքյալի պես մենք էլ ասում ենք, որ` Հաճի Գեւորգ եղբայր Պյուքրույանը բարի պատերազմը պատերազմեց, ընթացքը կատարեց, հավատքը պահեց, որի համար կա ու կմնա արդարության պսակը:

 

Հրավիրում ենք ամենայն հավատացելոց՝ արանց եւ կանանց,
ծերոց եւ տղայոց, ամենայն չափի հասակի հավատացելոց

Հայ Առաքելական Եկեղեցու Եկեղեցասիրաց Եղբայրակցության Հավաքները Երեւանում

 

Չորեքշաբթի ժ.16-ին: Կիրակի ժ. 15-ին

"Շողակաթ" հեռուստաընկերություն (նախկին "Նաիրիտ" մշակույթի կենտրոն)

Գարեգին Նժդեհի հրապարակի մոտ