Արժանապատիվ Տեր Պարգեւ Քահանա Պարտիզպանյան (1886-1936)

ԳԵՎՈՐԳ ԽՈՋԱ (Ուսուցիչ)
ԳԵՎՈՐԳ ԵՂԲԱՅՐ ՊԱՐՏԻԶՊԱՆՅԱՆ
ՏԵՐ ՊԱՐԳԵՎ ՔԱՀԱՆԱ ՊԱՐՏԻԶՊԱՆՅԱՆ
կամ
ԵԿԵՂԵՑԱՍԻՐԱՑԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ

Գեւորգ Պարտիզպանյանը ծնվել է Մարաշում 1889թ.` բնիկ մարաշցիների ընտանիքում: Պայմանների բերումով չի կարողանում շարունակել ուսումը եւ սկսում է զբաղցվել դերձակությամբ:

Արհեստով զբաղվելուց ցուցաբերում է մեծ հետաքրքրություն «եկեղեցու եւ կրոնական արժեքների» նկատմամբ: Վաղ երիտասարդական տարիքից անդամագրվում է Սիրո Ընկերությանը (Եկեղեցասիրացին) եւ բուռն փափագով կապվում է Աստվածաշնչին` սկսում է եռանդով սերտել այն: Եվ հենց Սուրբ Գրքի «Հավերժական լույսի Խոսքերն ու սկզբունքներն են, որ իր մեջ կերտում են տիպար քրիստոնյան»,- ասում է նրա կենսագիրը: Որպես հնազանդություն Տիրոջ հրահանգին` մղվում է Ավետարանի ճշմարտությունները քարոզելու առաքելությանը: Իր ազատ ժամերն անց է կացնում ինքնակրթությամբ եւ, շնորհիվ իր լսած քարոզների եւ ընթերցասիրության, նա առատանում է Աստծո Խոսքի գիտությամբ` պարզ եւ հստակ ընկալելով Մայր Եկեղեցու Դավանանքը, վարդապետություններն ու խորհուրդները: Դրա վառ ապացույցն է իր առաջաբանով 1924 եւ 1926 թթ. Բեյրութում հրատարակված գրաբար եւ թրքերեն զուգահեռ տեքստերով կազմած Ս. Պատարագի եւ հայ Եկեղեցու ընտրանի աղոթքների եւ շարականների հրատարակումը, որը նույնությամբ տպագրվեց նաեւ 1936թ. Հալեպում` օրվա առաջնորդ հոր օրհնության արտոնագրով:

Եկեղեցական կյանքին եւ աղոթաժողովներին պարբերական մասնակցելը նրա մոտ մշակում են հրապարակախոսական արվեստը եւ իր խոսքին համապատասխան ապրած կյանքը եղբայր Գեւորգին ընձեռում է Ավետարանը համարձակ քարոզելու հնարավորություն: Քրիստոնեական սկզբունքների ու Աստվածաշնչի խոսքերում է նա գտնում կյանքի իրական ու մնայուն արժեքը: Արդեն մինչեւ ամուսնանալը եւ հետո էլ իր կյանքում կարելի է հստակ տեսնել. հանապազօրյա հացից ավելի հետամուտ է ժողովրդի մեջ հոգեւոր արժեքների տարածմանը:

Հենց այս պատճառով է, որ որոշ ժամանակ անց ունենալով Տեր Գրիգոր վարդապետի քարոզի ճոխությունը, Տեր Ղեւոնդ քահանա Ճենանյանի խրոխտ ու համոզիչ խոսքը, ինչպես նաեւ Քույր Եղիսաբեթի ամեն բան երկնքից ստանալուց հետո մարդկանց հետ կիսվելու անկեղծ ձգտումը, քարոզչի նրա համբավը տարածվում է հավատավոր ժողովրդի մեջ եւ նրան սկսում են կոչել` «Գեւորգ Խոջա»:

Ավետարանի հանդեպ ունեցած այս սերը եւ աղոթաժողովներին առանց բացակայելու ներկա գտնվելը` նրան դրդում է որպես դպիր ծառայել Եկեղեցում:

1914թ. զորակոչվում է թրքական բանակ: Որպես զինվորական լինում է Կ. Պոլսում, հետո տեղափոխվում է Գաթմա, Դամասկոս, ուր երկու տարի ծառայելուց հետո վերադառնում է Մարաշ եւ միանում իր ընտանիքին: Իսկույն հավաքում է Մայր Եկեղեցուն հավատարիմ զավակներին ու վերակազմում աղոթաժողով:

1920թ. Մարաշի բոլոր եկեղեցիները արդեն ավերված ու այրված էին: Տ. Խաչատուր Ծ. Ծրդ. Տեր-Ղազարյանի հետ միացած եկեղեցվո արարողություններ են անց կացնում Մարաշի Կեդրոնական դպրոցում, ուր նաեւ անց էին կացնում Եկեղեցասիրացի հավաքները: Նույն տարում տեղի է ունենում զորահավաք, որից ազատվում է իբրեւ եկեղեցու սպասավոր:

1923թ. բազմաթիվ հայ ընտանիքների հետ գաղթում եւ հաստատվում է Հալեպում, Սվեքա շուկայում ձեռնարկում է հագուստ վաճառելու գործը: Առօրյա պարտականություններից դուրս` Ս. Խաչ եկեղեցում ծառայում է որպես դպիր: Մանրամասն տեղեկանալով տեղի պայմաններին` որոշ ժամանակ անց սկսում է բավականին ընդարձակ քարոզչական գործնեություն ծավալել: Դանդաղ, բայց հաստատուն քայլերով, համախմբում է Առաքելական Եկեղեցու արժեքներն ու հավատը դավանողներին եւ կազմում «Հայ Եկեղեցասիրաց Եղբայրակցությունը»:

Գեւորգ Խոջան աղոթող մարդ էր եւ ներշնչյալ քարոզխոսությամբ գաղթական ու տառապյալ մեր ժողովրդի մեջ աշխատում է վառ պահել քրիստոնեական հավատը, հույսը եւ սերը: Իր շուրջը համախմբելով Մարաշում եւ այլ վայրերում դարձի եկած եւ նվիրյալ հավատացյալներին, նրանց ոգեշնչում է լավատեսությամբ նայել գալիքին: Սա, բնականից, մարդկանց մեջ արթնացնում է Աստվածաշնչի ու Եկեղեցու հանդեպ սեր, խանդավառություն եւ ակնածանք:

Շատ կարճ ժամանակահատվածում` ընդամենը մեկ տարում, Գեւորգ Խոջայի գլխավորած շարժումը այնքան է ընդարձակվում, տարածվում ու զորանում, որ օրվա Առաջնորդ Սրբազանը ու կրոնական ժողովը կանչում են նրան քննության:

Չնայած Եկեղեցու հանդեպ ունեցած այս նվիրմանը, նախանձը եւ դրանից ծնված ատելությունն ու մամբասանքը անում են իրենց գործը: Շատերը սխալ են մեկնաբանում իր տքնությունը ու աղոթաժողովներ անցկացնելը: Օրվա «հերոսները» փափագում են ցրել աղոթաժողովները, Գեւորգ Խոջային էլ հեռու պահել Եկեղեցասիրացից եւ այդ բանի համար դիմում են օրվա Առաջնորդին: Սակայն ձախողվում են` շնորհիվ Եկեղեցու զավակների ու հավատացյալների բուռն ընդդիմության եւ Սրբազան Հոր խոհեմ մոտեցման: Մենք կուզենք այդ հանդիպումը ներկայացնել հենց կենսագիր Տեր Հոր նկարագրածով.

Հարցումներու տարափով զինք մանրակրկիտ քննոթւթենե անցնելե ու հաստատապես համոզվելե ետք իր տարած կրոնական աշխատանքներու անվնաս ըլլալու մասին, 1924-ին կարտոնեն, որ Հայց. Եկեղեցվո հասկացողությամբ շարունակե Ավետարանի քարոզությունը` մեր հավատացյալները օտար վարդապետություններե եւ ուսուցումներե հեռու պահելու, ինչպես նաեւ զանոնք դեպի եկեղեցի առաջնորդելու համար:

Վարք Քահանայից, էջ160

Արդյունքը ավելին է լինում: Սրբազան Հոր թույլտվությամբ, իրենց առիթ է տրվում եկեղեցու ազատ ժամերին Եկեղեցասիրացի աղոթաժողովները ացկացնել հենց եկեղեցու շինության մեջ` նրանց ու Եկեղեցու կապը ավելի ամրապնդելու միտումով:

Այս ժողովի մասին հետաքրքիր եզրահանգում է անում Տեր հուսիկ Ա. քահանան, որը Հայոց Բերիո թեմի Առաջնորդ Գերշ. Կեր Շահան եպս. Խարգիսյանի օրհնությամբ 2005թ. լույս է ընծայել «Վարք Քահանայից» կենսագրական պատումները.

Մեր եկեղեցական կյանքում շատ բնական երեւույթ է դժվարությունը: Ժողովրդական առածն ասում է. Պտղատու ծառը քարկոծվում է: Լավ է աշխատել, պտուղ տալ ու քարկոծվել, քան թե անպտուղ մնալ եւ չքարկոծվել: Տեր Պարգեւը եկեղեցական ու քրիստոնեական արժեքներ տարածող նվիրյալ բազմավաստակ ու արդյունաշատ ժիր մշակ է եղել, էջ 164:

Գեւորգ Խոջան երկրային բաների մեջ երկնային ձգտում ուներ,- ասում է իր կենսագիրը:

Նոր եկեղեցին կառուցվում է` ավարտվում, մի քանի անգամ Ս. Պատարագ մատուցելուց հետո Տեր Պարգեւը հիվանդանում է ու փոխադրվում Ֆրիշո հիվանդանոցը: Տառապում է շաքարախտով. այս հիվանդությունը շատ արագ է զարգանում իր մեջ եւ քառասուն օրվա ընթացքում դարմանումները ապարդյուն են անցնում:

Վախճանվում է 1938-ի դեկտեմբեր ամսին, քառասունիննը տարեկան հասակում: Իր անժամանակ մահը սգի է մատնում իր հայրենակիցները, Ս. Գեւորգ եկեղեցին եկեղեցին, ծխական ժողովուրդը ու հավատավոր ժողովրդի բազմությունը` Եկեղեցասիրացի հազարավոր անդամների:

Ամեն անկեղծ քրիստոնյայի մահ մի նոր բանի սկիզբ է, եւ մենք ուզում ենք այս պատումը շարունակել: 1992 եւ 1994թթ., երբ Հայաստանը նորանկախ մի մանուկ պետոթյուն էր եւ նոր էին դրվում պետականության հիմքերը, ինձ, որպես Հայաստանի Եկեղեցասրիացի ղեկավար եւ Տիկնոջս հրավիրել էին Միացյալ Նահանգներ քարոզխոսության եւ դասախոսություններ կարդալու: Թե՛ ամերիկյան եւ թե՛ հայկական եկեղեցիները նախադեպը չունեցող եւ աննկարագրելի ոգեւորությամբ էին դիմավորում մեզ: Հնչում էին բազմաթիվ քաջալերական ու գնահատանքի խոսքեր թե գրավոր, թե բանավոր: Ժամանակը մոռացության է տալիս գրեթե ամեն բան: Բայց երկու հանդիպում անմոռանալի էին ինձ համար: Առաջինը Ս. Աստվածածին եկեղեցում (Կալիֆորնիա, Գլենդեյլ) մի պատկառելի տարիքով տատիկ դողդոջուն քայլվածքով մոտեցավ եւ մի քանի բառ ասաց: Նա կլիներ 85-90 տարեկան: Ես շատ հանդիմանական խոսքեր եմ լսել, նաեւ գովասանքի, բայց նրա ասածը բոլորովին այլ էր. ուղղակի Աստված անիմանալի ձեւով քաջալերում էր Եկեղեցասիրացը: «Քո խոսքը լսելիս,- ասաց այդ տարիքն անց քույրը,- իմ ականջին հնչում էին մեր հին քարոզիչների ձայնը` դու նույն Հոգիով ես քարոզում»: Քույրը ուզում էր ձեռքս համբուրել. ես կռացա ու համբուրեցի իր ձեռքը, հետո գրկախառնվեցինք: Կարծես հինը, Եկեղեցասիրացի շունչն էր թեւածում, իսկ ես ուրախ էի` Առաքելական ընկալումը շարունակական է եւ այն շարունակվում է…

Գրիգոր Հայր Սուրբի, Տեր Ղեւոնդի, Քույր Եղիսաբեթի, Հաջի Գեւորգի, Գեւորգ Խոջայի, Ասատուր եղբոր եւ իրենց համախոհներին առաջնորդող Հոգին մեզ էլ էր առաջնորդում փառքից փառք, հաղթանակից հաղթանակ…

Հ. Զաքարյան

 

Հրավիրում ենք ամենայն հավատացելոց՝ արանց եւ կանանց,
ծերոց եւ տղայոց, ամենայն չափի հասակի հավատացելոց

Հայ Առաքելական Եկեղեցու Եկեղեցասիրաց Եղբայրակցության Հավաքները Երեւանում

 

Չորեքշաբթի ժ.16-ին: Կիրակի ժ. 15-ին

"Շողակաթ" հեռուստաընկերություն (նախկին "Նաիրիտ" մշակույթի կենտրոն)

Գարեգին Նժդեհի հրապարակի մոտ